Հրապարակվեց Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի վերջնական զեկույցի հայերենը տարբերակը

Cover-HY-cropped

ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՈՒՄ — ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԸ

Երևան, 2015թ. ապրիլի 13 – Այսօր հրապարակվել է Հայոց ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի (ՀՑՀՈւԽ) վերջնական եւ ամբողջական զեկույցի հայերեն տարբերակը՝ «Արդարացի լուծում – Հայոց ցեղասպանության հատուցումները»։ Զեկույցում ներկայացված է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության հատուցումների հարցի իրավական, պատմական, քաղաքական և բարոյական կողմերին առնչվող աննախադեպ համապարփակ վերլուծությունը: Զեկույցում ներառված են նաև հատուցումների լիակատար փաթեթի բաղադրիչների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ:

Նախքան խմբի ստեղծումը 2007-ին, 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները սահմանափակվում էին միայն տարածքների վերադարձի մասին վերացական պատկերացումներով, ապահովագրությունների վճարման հայցերով, թեմայի նեղ կողմերին առնչվող գիտական աշխատություններով և կարճ աշխատություններով, որոնք հարցին մոտենում էին ընդհանուր տեսանկյունից՝ առանց համապարփակ և մանրամասն վերլուծության:

ՀՑՀՈւԽ-ը ստեղծվեց հատուցումների տեսության և պրակտիկայի տարբեր ոլորտների չորս մասնագետների կողմից, որոնք Հայոց ցեղասպանության նկատմամբ ունեին հատուկ հետաքրքրություն: Նրանց առաքելությունն էր կազմել Հայոց ցեղասպանության հատուցումների առաջին համակարգված, համապարփակ և խոր վերլուծությունը: Խմբի աշխատանքները նախապես ֆինանսավորվել են Հայ Յեղափոխական Դաշնակցության դրամաշնորհի միջոցով : Խմբի անդամներն են՝ Ալֆրեդ դե Զայասը, Ջերմեյն Օ. Մաքքալփինը, Արա Պապյանը և խմբի նախագահ Հենրի Թերիոն: Հատուկ խորհդատու՝ Ջորջ Աղջայան:
Համաձայնության գալով Հայոց ցեղասպանության հատուցումների անհրաժեշտության շուրջ, խումբը պատրաստեց նախնական զեկույց, որը սահմանափակ քանակով բաժանվեց 2009-ին: Նախնական զեկույցից հետո տեղի ունեցավ երեք գիտաժողով: Առաջինը կայացավ ԱՄՆ-ում՝ Ջորջ Մեյսոնի Համալսարանում 2010թ. մայիսի 15-ին, համալսարանի Հակամարտությունների վերլուծության և լուծման ինստիտուտի հետ համատեղ: Երկրորդ մեկօրյա մեծ գիտաժողովը կայացավ Կալիֆորնիայի Համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետում՝ 2010-ի հոկտեմբերի 23-ին: Երրորդը՝ զեկույցի երկու հեղինակների մասնակցությամբ միջոցառումն է, որը տեղի ունեցավ Երևանում 2010թ. դեկտեմբերի 11-ին: Այժմ խումբը ներկայացնում է իր վերջնական լրամշակված զեկույցը՝ նախատեսված ավելի լայն լսարանի համար:

Խմբի զեկույցը մնում է Հայոց ցեղասպանության հատուցումներին վերաբերող միակ համակարգված, համապարփակ և խորը մոտեցումը: Զեկույցը հատուցումների հարցը քննարկում է իրավական, պատմական և բարոյական տեսանկյուններից (գլուխներ Դ, Ե, Զ), առաջարկում է անցումային արդարության տեսության վրա հիմնված արդյունավետ հատուցումային գործընթաց (գլուխ Է), և առաջարկում է կոնկրետ հատուցումների փաթեթ (գլուխներ Գ և Ը): Զեկույցում նաև ընդգրկված է Հայոց ցեղասպանության համառոտ նկարագրությունը (գլուխ Ա) և Ցեղասպանության հասցրած վնասները (գլուխ Բ): Նախատեսված լինելով լայն լսարանի համար՝ զեկույցը լրացնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական աշխատություններում և քննարկումներում առկա բացթողումները: Զեկույցը անհատ հայերին, թուրքերին, քաղաքացիական հասարակության անդամներին և քաղաքական ինստիտուտներին կտրամադրի համակարգված գործելու համար անհրաժեշտ տեղեկություններ, վերլուծություն և գործիքներ:

Զեկույցը հրապարակվում է ճիշտ ժամանակին: 2015-ին նշվում է Ցեղասպանության սկզբի 100-ամյակը, և այն մեծ հետաքրքրություն է առաջացնում միջազգային քաղաքական, գիտական, լրատվական, մշակութային և հանրային շրջաններում: Բացի այդ, վերջին տարիներս Ցեղասպանության հատուցումների հարցը դուրս է եկել նեղ շրջանակից՝ իր վրա հրավիրելով հանրային և գիտական շրջանների մեծ ուշադրությունը՝ հիմնականում կենտրոնանալով հատուցումների պահանջով անհատական իրավական հայցերի վրա: Այս զեկույցը վճռական քայլ է դեպի ավելի լայնածավալ ու ընդգրկուն գործընթաց՝ գտնելու Ցեղասպանության դեռևս շարունակվող վնասները շտկելուն ուղղված համարժեք լուծում: Բացի այդ, Թուրքիայում թափ է հավաքում Ցեղասպանության ժառանգությանն անդրադառնալու անկեղծ, ոչ ժխտողական մոտեցումը: Վերջին տասնամյակում նաև առաջ է եկել հատուցումների համաշխարհային շարժումը, որում ընդգրկված են մարդու իրավունքների զանգվածային խախտումներից տուժած բազմաթիվ խմբեր: Հայոց հարցն այդ շարժման բաղկացուցիչ մասն է:

Ներբեռնել զեկույցի հայերեն տարբերակը։